Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, նույն դատարանի դատավորի եւ Գեղարքունիքի դատախազի մասնակցությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու գործով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտ կհայտարարվի շուտով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալներից նախկին դատավոր Վանիկ Վարդանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ նախաքննությունն այժմ ավարատական փուլում է, շուտով նախաքննության ավարտ կհայտարարվի: Նա նաեւ նշեց, որ այս ընթացքում իր պաշտպանյալի մասնակցությամբ միայն հարցաքննություն է եղել, կալանավորված նախկին դատավորը նաեւ ցանկություն է հայտնել առերեսման, սակայն, նա ում հետ պետք է առերեսվեր՝ հրաժարվել է:
Նշենք, որ եւ Վանիկ Վարդանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Նույն գործով կալանավորվել է նաեւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, ՀՔԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ եւս մեկ քրեական գործ է հարուցվել դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստով: Փորձեցինք նրա շահերի պաշտպանից ճշտել, արդյոք Աղվան Պետրոսյանն ընդունում է իրեն առաջադրված նոր մեղադրանքը, սակայն, պաշտպանը նշեց, որ այս պահին արձակուրդում է եւ տեղեկություններ չունի:
Նույն գործով կալանավորվել է նաեւ Գեղարքունիքի դատախազ Սեւակ Շհոյանը: Այս գործը կապված է տարիներ առաջ՝ 2014-ին կալանավորված անչափահաս Գոռ Գալստյանի հետ։ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիսում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ.Գ.-ի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Սեւակ Շհոյանը մեղադրյալի ծնողներից 2015 թվականի հունիսին պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 դրամին համարժեք 4000 դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, եւ Գ.Գ.-ն 2015 թվականի հուլիսի 1-ին կալանավորվել է:
Հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա դատախազին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` մեղադրյալի օգտին գործողություն կատարելու համար նրա ծնողներից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու համար:




























