ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է, որ ԿԺԴՀ-ի կողմից որևէ «անմիջական սպառնալիք» չի տեսնում, այդ թվում Գուամ կղզու տարածքում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Թիլերսոնի խոսքով՝ ամերիկացիները կարող են հանգիստ քնել։ Պետքարտուղարը համարում է, որ իրենք «չպետք է անհանգստության առիթ ունենան վերջին օրերի որոշակի հռետորաբանության առթիվ»։
Թիլերսոնը լրագրողների առաջ ելույթ է ունեցել չորեքշաբթի, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահն ու Հյուսիսային Կորեան «կրակի» սպառնալիքներ են փոխանակել։ Փհենյանը հայտնել է, որ մշակում է Գուամ կղզու վրա հարվածի ծրագրիր։
Թիլերսոնը հերքել է այն լուրերը, որ այդ սպառնալիքները ԱՄՆ-ին մոտեցնում են ռազմական ուժի կիրառմանը։ Նրա խոսքով, վերջին օրերին իր լսած հայտարարություններից ոչ մեկը արմատապես չի փոխում իրավիճակը։




























