ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է նախագահական արդյունաբերական խորհրդից հեռացած ամերիկյան խոշորագույն ընկերությունների ղեկավարներին ու խոստացել, որ արագ կգտնի նրանց փոխարինողներ։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
«Ես շատերին գիտեմ, ովքեր ցանկանում են զբաղեցնել Արդյունաբերական խորհդից հեռացածների տեղը։ Պիժոնները չպետք է մնան այնտեղ»-գրել է Թրամփը։
Վերջին երկու օրում նախագահական խորհրդից հեռացել են Merck & Co դեղագործական ընկերության ղեկավար Քեննեթ Ֆրեզիերը, Under Armour Inc. մարզահագուստի ֆիրմայի ղեկավար Քեւին Փլանքը ու Intel ընկերության գլխավոր տնօրեն Բրայան Կրժանիչը։ Երեքն էլ իրենց հեռացումը բացատրել են Շարլոթսվիլում տեղի ունեցած իրադարձություններով ու դրանց վերաբերյալ նախագահի սկզբնական արձագանքով։
Ավելի վաղ խորհրդից հեռացել էին The Walt Disney Company-ի ղեկավար Ռոբերտ Իգերն ու Tesla Motors եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը ։ Երկուսն էլ իրենց որոշումը բացատրել էին նրանով, որ համաձայն չեն կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին Թրամփի որոշման հետ։


























