ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, իր նիստում թույլատրել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը վերջինին ամրացված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի զրահապատ տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը` 1982 թվական) օտարել դասական աճուրդով: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ավտոմեքենան սպասարկել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ նրա նախագահության ժամանակաշրջանում:
Ըստ նախագծի հիմնավորման, գույքի մեկնարկային գինը սահմանվում է 17 մլն դրամ: Աճուրդը կկազմակերպվի եռամսյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու նախավճարը` գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով է, իսկ աճուրդի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առա¬ջարկվող գնի մեջ:
Նախագծում նշվում է, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով անհրաժեշտ է կազմակերպել նոր աճուրդներ, ընդ որում՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:




























