Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող է մինչեւ այս օրվա վերջը ազատ արձակվել եւ Ադրբեջանից արտաքսվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փաստաբան Էդուարդ Չերնինը։ 

«Նրան հավանաբար այսօր ազատ կարձակեն։ Հնարավոր է՝ դա հենց հիմա տեղի է ունենում։ Ազատ արձակվելուց հետո Լապշինն Իսրայել կարտաքսվի»,-ասել է իրավաբանը։ Նրա խոսքով՝ արտաքսման գործընթացը փաստաբանի պարտադիր ներկայություն չի ենթադրում։ 

Չերնինը նաեւ նշել է, որ իր պաշտպանյալը, որը, Ադրբեջանի քրեակատարողական ծառայության տվյալներով, արտահանձնման հարցի երկարաձգման պատճառով ինքնասպանության փորձ է ձեռնարկել, իրեն նորմալ է զգում։

«Լապշինն իրեն բացարձակ նորմալ է զգում»,-հայտնել է իրավաբանը։ Նա հստակեցրել է, որ դեռ չի հանդիպել բլոգերին, իսկ Լապշինի առողջական վիճակի մասին տեղեկություն ստացել է նրանցից, որոնք «նրան տեսել են»։