Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւն առաջին անգամ կմասնակցի ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այս մասին հայտարարվել է Աթամբաեւի եւ Ղրղզստանի ԱԳ նախարար Էրլան Աբդիլդաեւի հանդիպման ժամանակ: Աթամբաեւին զեկուցել են Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսվող հանդիպման նախապատրաստման եւ Նյու Յորք Ղրղզստանի նախագահի աշխատանքային այցի մասին՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանին մասնակցելու եւ այս միջազգային միջոցառման շրջանակում Ղրզստանի նախաձեռնած միջոցառումներին մասնակցելու համար:
Աթամբաեւի կառավարման 6 տարիներին, որի լիազորություններն ավարտվում են այս տարվա դեկտեմբերի 1-ին, սա առաջին ուղեւորությունն է Նյու Յորք ՄԱԿ ԳՎ-ին մասնակցելու համար: Նա ծրագրել էր այն կատարել անցյալ տարի, սակայն առողջական խնդիրների պատճառով ստիպված էր ճանապարհի կեսին այցն ընդհատել:




























