Շուրջ 100 պետություն աջակցել է Փարիզի եւ Մեխիկոյի նախաձեռնությանը՝ ինքնակամ հրաժարվելու ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների՝ ցեղասպանության եւ այլ զանգվածային հանցագործությունների դեմ գործողությունների քննարկման ժամանակ վետոյի օգտագործման իրավունքից:

Այս մասին ՄԱԿ կենտրոնական գրասենյակում վետոյի հարցին նվիրված քննարկմանը հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի եւ ԱԳ գործերի նախարարին կից պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս նախաձեռնությանն աջակցում է գրեթե 100 երկիր: Սա նշանակում է, որ ՄԱԿ անդամ երկրների կեսից ավելին հասկանում է, թե որքան շահավետ է այն», - ասել է դիվանագետը: Ըստ նրա՝ Ֆրանսիայի առաջարկը «չափազանց ակտուալ է» , քանի որ «ոչ մի երաշխիք չկա, որ մենք նորից չենք բախվի այնպիսի ողբերգությունների, ինչպիսին տեսել ենք Սիրիայում երկար տարիների պատերազմի ժամանակ»:

Լեմուանը նշել է, որ Ֆրանսիայի աջակցությամբ Անվտանգության խորհրդում քվեարկության են դրվել Սիրիայի վերաբերյալ մի քանի բանաձեւեր, սակայն բոլորն էլ Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից վետոների կիրառման պատճառով ձախողվել են:

Ժան-Բատիստ Լեմուանը հիշեցրել է, որ Ֆրանսիան ու Մեքսիկան վերջին չորս տարիների ընթացքում պայքարում են մասսայական վայրագությունների, այդ թվում ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների եւ լայնամասշտաբ պատերազմական հանցագործությունների դեպքում վետոյի իրավունքի սահմանփակման համար:

 «Դրա համար անհրաժեշտ չէ փոխել Կանոնադրությունը: Այս նախաձեռնության հիմքում Անվտանգության խորհրդի մշտական անդամների կամավոր ինքնասահմանափակումն է այն դեպքերում, երբ խոսքը զանգվածային վայրագությունների մասին է», - ընդգծել է նա: