ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը ուրբաթ որոշում է ընդունել Եմենում զինված հակամարտության ժամանակ մարդու իրավունքների խախտումների հետաքննության համար փորձագետների խումբ ստեղծել, հաղորդում է Reuters-ը:
«Միջազգային վստահելի հետաքննություն է անհրաժեշտ, որպեսզի համակողմանիորեն, թափանցիկ, անկախ եւ անաչառ հաստատեն խախտումների վերաբերյալ փաստերն ու հանգամանքները՝ Եմենում անպատժելիության շրջապտույտին վերջ դնելու համար», - Ժնեւում 36-րդ ՄԱԿ նստաշրջանում պատվիրակներից մեկի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է կառավարական ուժերի եւ հուսի ապստամբների միջեւ դիմակայությունը: Ըստ Եմենի Իրավունքների եւ զարգացման կենտրոնի՝ 2015 թվականի գարնանից երկրում ավելի քան 10 000 խաղաղ բնակիչ է սպանվել, այդ թվում շուրջ 2 400 երեխա եւ 2 հազար կին:




























