Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում առաջիկայում չի նախատեսվում: Սակայն, էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի խոսքով, սակագնի նվազում նույնպես չի լինի: Աշոտ Մանուկյանը պարզաբանել է. ատոմակայանի աշխատանքի պլանային դադարեցումը երկարաձգվել է՝ 4-ից մինչեւ 6 ամիս: Դա նշանակում է, որ այդ ընթացքում ստիպված ենք լինելու էներգիա գնել ՋԷԿ-երից: Բայց ՀԱԷԿ-ը չի փակվի, չնայած շրջանառվող լուրերին, թե դա է պահանջում Եվրամիությունը Հայաստանի ստորագրվելիք համաձայնագրով: Փաստաթղթում, նախարարի հավաստմամբ, խոսվում է միայն ատոմակայանի անվտանգության մասին: Չի բացառվում նաեւ, որ Հայաստանը նոր ԱԷԿ կառուցի՝ հզորության փոքր գործակիցներով: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ավելի քիչ ծախսով եւ փոքր հզորությամբ արդյունավետ ատոմակայաններ կառուցել:

Ինչ վերաբերում է ռուսական գազի այլընտրանքին. Աշոտ Մանուկյանը վստահեցրել է, որ այն առայժմ ամենաէժանն է մեզ համար: Իսկ իրանական կողմը դեռեւս ավելի ձեռնտու գազ չի առաջարկում, քան հիմա՝ էլեկտրաէներգիայի դիմաց գազ մատակարարելով: Հարցը քննարկել են նաեւ վարչապետի՝ Իրան կատարած այցի ընթացքում եւ հանգել եզրակացության, որ Իրանը չի կարող ավելի էժան գազ մատակարարել:

Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի ապօրինի որսի հերթական դեպքն է հայտնաբերվել: Լուրը հայտնել է EcoNews.am-ը: Բնապահպանական կայքի տեղեկություններով՝ սպանված անգղի լուսանկարը համացանցում բեռնվել է 2014 թվականին: Նկարագրության մեջ գրված է տեղանքի անունը՝ «Բախչալար», որն այժմյան Բագարան համայնքի հին անվանումն է: Բագարանը գտնվում է Արմավիրի մարզում՝ Ախուրյանի գետի մոտ: Լուսանկարում պատկերված տղամարդը, կարծես, որսի սիրահար է, ինչի մասին վկայում են կայքի հրապարակած մյուս նկարները:

Հիշեցնենք, որ սպիտակագլուխ անգղը համարվում է վտանգված տեսակ: Օրեր առաջ էլ համացանցում տարածվել էին սպիտակագլուխ անգղերի հետ Շենավանի գյուղապետի լուսանկարները: Արթուր Մկրտչյանը նշել էր, թե անգղերին ինքը չի սպանել, ընդամենը լուսանկարվել է Բագարան-Երվանդաշատ ճանապարհին ընկած սպանված թռչունների հետ: Ապօրինի այս որսի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրելու. քրեական գործ չի հարուցվել:

Հոկտեմբերի 19-ին Արցախում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը Երեւանից էր, Նորք-Մարաշ համայնքից: Տիգրան Խաչատրյանն ընտանիքի միակ որդին էր, իրենից մեծ քույր ունի: Ժամկետային զինծառայողը բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ՝ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: 19-ամյա Տիգրանը զոհվել է ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Նա հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին էլ զինծառայող էր զոհվել հայ-ադրբեջանական սահմանին՝ 18-ամյա Չապլին Մարգարյանը: Նա Արմավիր գյուղից էր, 8 ամսվա զինծառայող էր:

Իրաքյան Քուրդիստանում իրավիճակը սրվել է: Այսօր առավոտյան փեշմերգայի ուժերի եւ Իրաքի բանակի միջեւ բախումներ են գրանցվել Էրբիլն ու Քիրքուքը իրար կապող ճանապարհին: Քրդական ուժերի հրամանատարը հայտարարել է, որ Իրաքի կառավարական զորքերն ու նրանց աջակցող շիա աշխարհազորայիններն ամերիկյան զենք են օգտագործել, տանկեր, հակատանկային հրթիռային համակարգեր, հրետանի: Տեղեկությունների համաձայն՝ ինտենսիվ կրակահերթերից հետո փեշմերգան հաղթանակ է տարել:Իսկ Քիրքուքից շուրջ 100 հազար քրդեր են հեռացել, երբ Իրաքի կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել քաղաքում: Նրանք ապաստան են գտել Էրբիլում եւ Սուլեյմանիայում:

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Իրաքի հյուսիսից քաղաքացիների, հատկապես քուրդ բնակչության բռնի տեղահանման, նրանց տների, ձեռնարկությունների ոչնչացման եւ թալանի մասին տեղեկությունների առիթով: Կազմակերպությունն Իրաքի կառավարությանը համապատասխան քայլեր ձեռնարկելու կոչ է արել: Իրաքյան Քուրդիստանի կառավարությունն իր հերթին պաշտոնական Բաղդադի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել:

Մի խումբ ուսանողներ այսօր կրթության նախարարության շենքի առջեւ բողոքի ակցիա են անցկացրել. նրանք բողոքում են պաշտպանության նախարարության կողմից ներկայացված՝ տարկետման իրավունքը վերացնող օրինագծի դեմ: Նրանք պնդում են, որ տարկետման իրավունքը վերացնելը ճիշտ չէ, քանի որ բանակից վերադառնալուց հետո քչերն են շարունակում ուսումը: Նրանք հանդիպում են պահանջել կրթության նախարարի հետ՝ հասկանալու, թե ինչու է պաշտպանության նախարարությունը խառնվում կրթության գործերին: Լեւոն Մկրտչյանի փոխարեն ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է գնացել նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը: Ռոբերտ Սուքիասյանը բացատրել է. տարկետման հարցերը միշտ էլ կարգավորվել է Զինապարտության մասին օրենքով: Նշենք, որ տարկետման իրավունքը վերացնող օրինագիծն Ազգային ժողովում քննարկվելու է հաջորդ շաբաթ կայանալիք քառօրյայի ընթացքում:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակում կայացել է Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի երեւանյան պրեմիերան: Համերգին ներկա է եղել նաեւ հեղինակը: Երաժիշտը նշել է, որ տպավորված է եւ հուզված, հրաշալի է, որ իր հեղինակած սիմֆոնիան հնչեց Հայաստանում: Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ է ունեցել նաեւ դաշնակահար Լեւոն Կարապետյանը՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։

Դոլարը շարունակում է ամրապնդել դիրքերը: Հոկտեմբերի 20-ին դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 569, ռուբլունը՝ 8 դրամ 37 լումա, ֆունտինը՝ 633 դրամ:

Հոկտեմբերի 21-25-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն: