Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը, օգտվելով պատասխանի իրավունքից, հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ելույթին։

NEWS.am-ը հայտարարությունը ներկայացնում է ամբողջությամբ.

«Ադրբեջանի ելույթը հերթական փորձն է աղավաղել իրականությունը եւ մոլորության մեջ գցել ներկաներին։

Իրական ագրեսորը հենց Ադրբեջանն է, որն իրագործեց Բաքվի եւ Սումգայիթի հայկական բնակչության ջարդերը, այնուհետեւ՝ լայնածավալ պատերազմ նախաձեռնեց Արցախի ժողովրդի դեմ՝ ի պատասխան ինքնորոշման իրավունքի իրագործման խաղաղ կոչերի։

Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի դրույթները։ Իրականում, բանաձեւերից ոչ մեկում Հայաստանը չի նշվում, որպես հակամարտող կողմ։ Մյուս կողմից, առանց նախապայմանների ռազմական գործողությունները դադարեցնելու հիմնական պահանջը չի կատարվում հենց Ադրբեջանի կողմից։

Հայաստանի եւ Արցախի իշխանությունները վարում են քրիստոնյաների, մահմեդականների եւ այլ կրոնների մշակութային ժառանգության պահպանության քաղաքականություն, առանց որեւէ խտրականության։ Արցախում վերականգնվում են նաեւ  պատերազմական գործողությունների հետեւանքով վնասված մի շարք մզկիթներ։

Պետք է հստակ տարբերակում արվի ռազմական գործողությունների ժամանակ վնասված կամ ոչնչացված ժառանգության եւ Ադրբեջանում հայկական հուշարձանների՝ խաղաղ պայմաններում պետական մակարդակով իրականացվող միտումնավոր ոչնչացման միջեւ։

Հայաստանում, որն Ադրբեջանը որակում է որպես «մոնոէթնիկ» երկիր, ապրում են բազմաթիվ ազգային եւ կրոնական փոքրամասնություններ, որոնք ազատորեն վայելում են իրենց լեզվական եւ մշակութային իրավունքները, ինչպես նաեւ ունեն ընտրված ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովում։

Ադրբեջանի իշխանությունների հայատյացության պետական քաղաքականությունը, ինչի մասին շարունակաբար ահազանգում են այլատյացության հարցերով զբաղվող մասնագիտացված միջազգային կառույցները, ինչպես նաեւ հայերի նկատմամբ կատարված հանցագործությունների անպատժելիության զգացումը վերածվում է վտանգավոր «մշակույթի» ձեւավորմանը։ Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի փառաբանումն ու հերոսացումը դրա հերթական տխուր ապացույցն է»։