Վիեննայում նոյեմբերի 6-ին մեկնարկել է  Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի անդամ երկրների կոնֆերանսի 7-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի ղեկավարությամբ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 7-ի ելույթում անդրադարձել է հակակոռուպցիոն ոլորտում վերջին շրջանում իրականացրած նախաձեռնություններին՝ հատուկ շեշտադրելով ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի  պահանջներին։ Ելույթում նշվել է հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ մարմնի ստեղծման մասին՝ միաժամանակ ընդգծելով տվյալ մարմնին վերապահված եւ կոնվենցիայով սահմանված անկախության երաշխիքները։

Սուրեն Քրմոյանը խոսել է նաեւ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման կարեւորագույն տարրերից ազդարարման համակարգի ստեղծման, ապօրինի հարստացման քրեականացման, հայտարարագրման ինստիտուտի բարեփոխման, էլեկտրոնային կառավարման գործիքների շարունակական ներդրման, գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման եւ այլ կարեւորագույն նախաձեռնությունների մասին։

«Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանը կարեւորում է բոլոր շահագրգիռ կողմերի՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի, միջազգային կազմակերպությունների  ջանքերի եւ նպատակների համատեղումն ու կառուցողական համագործակցությունը», - ասել է փոխնախարարը։

Նստաշրջանի ընթացքում պատվիրակությունը նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, որոնք կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդմանը։