Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան Ժնեւ-8-ի ժամանակ ներկայացրել է կողմերի ընդհանուր դիրքորոշումը արտահայտող 12 կետից բաղկացած նորացված «ոչ պաշտոնական փաստաթուղթ», որտեղ բացառվում են նոր սահմանադրությունն ու անցումային կառավարությունը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Առաջին փաստաթուղթը, որը կոչվում էր կառավարական պատվիրակության եւ ընդդիմության «շփման կետեր»,  ՄԱԿ հատուկ բանագնացը պաշտոնապես ներկայացրել էր 2016 թվականի մարտի 24-ին։ Այս փաստաթուղթը ներառում էր 12 սկզբունքներ, որի շուրջ միջսիրիական բանակցությունների մասնակիցները կարող էին պայմանավորվել։

Ժնեւ-8-ի ժամանակ դե Միստուրան ներկայացրել է նոյեմբերի 30-ին պատրաստված փաստաթղթի նոր տեքստը, որը պարունակում է 12 կետ: Ենթադրվում է, որ Սիրիայի կառավարության եւ Սիրիայի միավորված ընդդիմության պատվիրակությունները դրանցում փոփոխություններ կանեն:

2016 թվականին ներկայացված տեքստի համեմատությամբ,  նոր փաստաթղթում, մասնավորապես, հղում չի կատարվում ՄԱԿ Անվտանգության Խորհրդի 2254 բանաձեւին: Նոր տեքստում ամբողջությամբ բացակայում է նաեւ Սիրիայում անցումային շրջանի եւ այդ շրջանում նոր սահմանադրության կազմման եւ ՄԱԿ դիտորդությամբ ազատ ու արդար ընտրությունների անցկացման մասին դրույթները:

Նոյեմբերի 30-ի փաստաթղթում չի խոսվում կամայականորեն ազատազրկված բոլոր անձանց ազատման եւ առեւանգված ու անհետ կորած անձանց հետ կապված հարցերի լուծման անհրաժեշտության մասին: Բացի այդ, փաստաթղթում չի նշվում Սիրիայի տարածքում օտարերկրյա ռազմական ուժերի  ներկայության արգելման մասին: