Չինական նավերը բաց ծովում հյուսիսկորեական լցանավերին նավթ են վաճառում: Այս մասին հայտնել է հարավկորեական «Չոսոն Իլբո» պարբերականը՝ վկայակոչելով ամերիկյան արբանյակային լուսանկարները:

Պարբերականը նշում է, որ տիեզերքից կատարված լուսանկարներում երեւում է, որ չինական լցանավերը նավթ են լցնում հյուսիսկորեական նավի մեջ: Բաց ծովում Հյուսիսային Կորեային նավթի վաճառքն արգելված է սեպտեմբերին ընդունված ՄԱԿ ԱԽ 2375 բանաձեւով:

«Մենք պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք այն փաստի վրա, որ ապօրինի առեւտուրը սկսվել է այն բանից հետո, երբ ՄԱԿ ԱԽ սեպտեմբերյան բանաձեւով սահմանափակվել է Հյուսիսային Կորեա նավթամթերքի ներմուծումը»,- պարբերականին ասել է կառավարությունում աղբյուրը:

ՄԱԿ ԱԽ-ում սեպտեմբերին միաձայն ընդունված 2375 բանաձեւը 21-րդ դարում ՄԱԿ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմն է սահմանել, որով սահմանափակվել են Փհենյանի արտահանման եւ ներմուծման հնարավորությունները: