Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախատեսում է ստեղծել օգնության հիմնադրամ այն երկրների համար, որոնք ՄԱԿ-ում Իսրայելի օգտին կքվեարկեն:

 «50/50» ֆոնդի շրջանակներում Իսրայելին աջակցած Աֆրիկայի, Ասիայի, Արեւելյան Եվրոպայի եւ Խաղաղ օվկիանոսի պետությունները կկարողանան օգնություն ստանալ մեկ միլիոն դոլարի չափով այն ոլորտների համար, որոնցում Իսրայելը համարվում է համաշխարհային առաջատար (ջրային տնտեսություն, գյուղատնտեսություն, կիբերանվտանգություն, տեխնոլոգիաներ եւ այլն), հաղորդում է NEWSru-ն:

 Հիմնադրամի ընդհանուր կապիտալը պետք է 50 մլն դոլար կազմի:

 Իսրայելի ԱԳՆ-ն արդեն սկսել է գործող բյուջեի շրջանակներում հիմնադրամի ստեղծման ուղղությամբ աշխատանքը, իսկ վարչապետը հանձնարարել  2019-ի բյուջեում լրացուցիչ  ֆինանսավորում ներառել:

Անցյալ շաբաթ ՄԱԿ ԳԱ-ն ձայների մեծամասնությամբ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը դատապարտող բանաձեւ ընդունեց: