Հայաստանում աջակողմյան ղեկով ավտոմեքենաների հետագա ճակատագիրը ավելի ինտրիգային է դառնում, եւ իրավասու մարմինների ընդունած որոշումները ավելի մեծ խառնաշփոթ են մտցնում:

Նախօրեին կառավարությունը քննարկեց եւ հավանություն տվեց «Աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» օրինագծին: Կառավարության կայքում հրապարակված տեքստի տարբերակում հղում կա կառավարության որոշմանը, որի համաձայն ապրիլի 1-ից արգելվում է աջակողմյան ղեկով ավտոմեքենաների շահագործումը եւ հաշվառումը (Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ կառավարության կողմից  2018 թվականի ապրիլի 1-ից  արգելվել  է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը եւ հաշվառումը): Դեռեւս պարզ չէ՝ արդյոք տեքստում «շահագործում» բառը վրիպակ է եւ արդյեք նկատի է առնվում ներմուծումը։ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունում հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Ուշագրավ է, որ մեկ շաբաթ առաջ ընդունված տեքստը, որին հղում են կատարում օրինագծի հեղինակները, կայքից բացակայում է, որը իրավիճակին ավելի նուրբ բնույթ է հաղորդում: Հետաքրքիր է նաեւ, որ կայքում տեքստերը հրապարակվում են word-ով, ինչն անհնար է դարձնում սքրինշոթը, սակայն շահագրգիռ գերատեսչությանը թույլ է տալիս հեշտորեն ուղղել եւ սխալը թաքցնել: