Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցածի հետ կապված ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Մարդու իրավունքների պաշտպանն էլ գլխավոր դատախազին է դիմել՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Հիշեցնենք, որ ավագանու երեկվա նիստում ծեծկռտուք էր տեղի ունեցել: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները նիստերի դահլիճ Նուբարաշենից կոյուղաջրով լի տարա էին տարել. նշել են, որ նուբարաշենցիներն այն Տարոն Մարգարյանի համար են ուղարկել: Մարինա Խաչատրյանն այն քաղաքապետին է մոտեցնել. ավագանու հանրապետական անդամները փորձել են արգելել, քաշքշուկ է սկսվել, տարայի պարունակությունը գետնին է թափվել:

Իրարանցման ընթացքում հանրապետականները քաշքշել են Խաչատրյանի մազերն ու հարվածներ հասցրել: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, թե իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, ինչի համար ինքն ապտակել է հանրապետական Էդմոնդ Կիրակոսյանին ու պատասխան ապտակ ստացել:

Նուբարաշենի բնակիչները տեւական ժամանակ բողոքում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու գարշահոտությունից: Փետրվարի 12-ին նրանք, ի նշան բողոքի, փակել էին ՔԿՀ տանող ճանապարհը: Բնակիչներն ասում են նաեւ, որ այդ օրը Նուբարաշեն եկած Զարուհի Փոստանջյանին իրենք են կոյուղաջրով լի տարա տվել ու խնդրել քաղաքապետարան տանել: Իսկ սկանդալն արդյունք է տվել. Նուբարաշենի ՔԿՀ-ի կոյուղագծերը սկսել են նորոգել

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է եզդիաբնակ Շամիրամ գյուղի սպանդի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա ամռանը Թելման Քալաշյանը ներխուժել էր գյուղի սգո սրահ ու կրակ բացել հավաքվածների ուղղությամբ՝ սպանելով 4 մարդու: Ամբաստանյալի աթոռին է նաեւ Քալաշյանի հորեղբայրը: Առաջին դատական նիստին ներկա են եղել սպանվածների մեծ թվով հարազատներ: Նրանք ամբաստանյալներին դիմավորել են «տեռորիստ» վանկարկումներով: Նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց պաշտպանական կողմը միջնորդել է հետաձգել այն, քանի որ չեն հասցրել ծանոթանալ գործի նյութերին: Դատավոր Սուրեն Մնոյանը բավարարել է միջնորդությունը: Լարված իրավիճակ է եղել նաեւ դատարանի շենքի առջեւ. այստեղ սպանվածների հարազատներ էին հավաքվել, որոնց մեծ մասը չի կարողացել ներս մտնել: Հիշեցնենք նաեւ, որ սգո սրահում սպանվել են Ամրո, Աղասի եւ Զորիկ Օզմանյաններն ու Ամո Խուդոյանը: Ըստ մեղադրանքի՝ Թելման Քալաշյանին փախուստի դիմելու հարցում օգնել է հորեղբայրը՝ Քյարամ Քալաշյանը, ով դեպքի ժամանակ սգո սրահում է եղել:

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել: Նման ձեւակերպում կա ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի՝ «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» զեկույցում: Քոութսը չի բացառում, որ հակամարտությունում կարող է ներգրավվել Ռուսաստանը՝ իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար: Զեկույցի՝ Արցախին վերաբերող հատվածում նշվում է նաեւ, որ կողմերը փոխզիջման գնալու ցանկություն չունեն, կողմնակի ճնշումներն ավելանում են, Ադրբեջանը շարունակում է արդիականացնել սպառազինությունը, իսկ Հայաստանը 2018 թվականին ռուսական նոր զենք է ձեռք բերելու: Այս ամենն էլ կարող է լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել:

Հայ-թուրքական սահմանին սահմախախտ է ձերբակալվել: Սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են Արմավիրի մարզում, Ախուրյան գետի ափին: Պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդն ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանն ու փորձել ձկնորսություն անել Հայաստանի տարածքում: Սահմանախախտը Թուրքիայի Դիղոր գավառից է, Քարաբաղ գյուղի 23-ամյա բնակիչ:

Մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ ծնողներն առողջական խնդիրներով ծնված դստերը թողել են Երեւանի ծննդատներից մեկում ու հեռացել: Բուժհաստատության տնօրենը, սակայն, հերքում է լուրը: Նիկոլայ Դալլաքյանի հավաստմամբ՝ ծնողները պաշտոնապես ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել երեխայից հրաժարվելու մասին, ուստի հարցը քննարկել անգամ պետք չէ: Ըստ լուրերի՝ աղջիկը ծնվել է ողնուղեղային ճողվածքով, ծնողները, իբր, ասել են նաեւ, որ եւս երկու դուստր ունեն: Իսկ երեխան արդեն վիրահատվել է, մասնագետի հավաստմամբ՝ վիճակը կայուն է:

Փհենչհան 2018-ում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի մրցելույթը փետրվարի 18-ին, հնարավոր է, չկայանա: Բանն այն է, որ Հարավային Կորեայում գտնվող Կարապետյանն այս օրերին չի կարողանում մարզվել. հավաստում է, որ դահուկներ եւ կոշիկ չունի: Օլիմպիական խաղերին հայտագրված Հայաստանի ներկայացուցիչները՝ ընդամենը երեք մարզիկ, Փհենչհան մեկնելիս պետք է նոր մարզագույք ստանային, սակայն ստացել են նրանցից երկուսը միայն: Աշոտ Կարապետյանը մեր թղթակցին ասել է, որ իր հետ Հարավային Կորեա է տարել ընկերոջ դահուկները, որոնք, սակայն, մաշված էին, եւ մարզումների առաջին օրն իսկ կոտրվել են: ՀԱՕԿ-ն Աշոտի համար արդեն նոր դահուկներ է պատվիրել Ռուսաստանից, բայց մարզիկը հայտարարում է, որ եթե դրանք ժամանակին չհասնեն եւ չկարողանա փորձարկել, մեկնարկի դուրս չի գա:

Լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն իր հերթին հայտարարում է, որ Փհենչհանում ամեն ինչ կարգին է: Սեյրան Հարությունյանի խոսքով՝ Աշոտ Կարապետյանը մարզվում է, շուտով տեղ կհասնի նաեւ նրա նոր մարզագույքը: Գլխավոր մարզիչը, սակայն, չի պատասխանել հարցին, թե ո՞ւմ դահուկներով է հիմա մարզվում Կարապետյանը: Նշենք, որ Հայաստանի պատվիրակությունը մարզագույքի հետ կապված խնդիրներ ունեցել է նաեւ Սոչիում: Մեր մարզիկներն անհասկանալի պատճառներով մեկնարկի էին դուրս եկել հին դահուկներով, թեեւ նորերը ստացել եւ իրենց հետ տարել էին Սոչի: Արդյունքում դահուկային սպորտի այն ժամանակվա հավաքականի գլխավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը նախ հեռացվել էր օլիմպավանից, իսկ հետո՝ նաեւ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

Դոլարը շարունակում է արժեզրկվել, եվրոն թանկացել է եւս մեկ դրամով: Փետրվարի 14-ին դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 594, ռուբլունը՝ 8 դրամ 37 լումա, ֆունտինը՝ 668 դրամ:

Փետրվարի 15-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +13+15 աստիճան տաքություն: