Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ, «երկրի քաղաքական, ժողովրդավարական, տնտեսական եւ սոցիալական արդիականացման գործում հաջողություններ է մաղթել», հաղորդում է RFI-ն` հղում անելով Ելիսեյան պալատին:

Բացի այդ, Մակրոնն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայի Աֆրինի եւ Արեւելյան Գուտի իրավիճակի վերաբերյալ եւ Պուտինին կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել խաղաղ բնակչության շրջանում մահվան դեպքերը կանխելու  համար:

Բանակցությունների ժամանակ Մակրոնը կոչ է արել Ռուսաստանի ղեկավարին պարզաբանել «Ռուսաստանի պատասխանատվությունը Սոլսբերիում Սերգեյ Սկրիպալի մահափորձի մեջ»: Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ ռուսական իշխանությունները պետք է լիովին փակեն «քիմիական զենքի արտադրության ենթադրյալ ծրագրերը, որոնց մասին չեն տեղեկացրել ՔԶԱԿ-ին »:

ՌԴ նախագահի հետ զրույցի ժամանակ Մակրոնը հիշեցրել է, որ կողմ է «Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության շարունակմանը» եւ վստահություն է հայտնել, որ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ «հստակ հարաբերությունների հիման վրա» համագործակցությունը կարող է արդյունավետ լինել: