Uber վաճառում է իր բիզնեսն Ասիայում, հաղորդում է Bloomberg-ը: Գնորդը ասիական տարածաշրջանում ամերիկյան ընկերության մրցակից Grab տաքսի ծառայությունն է: Գործարքի պայմանների համաձայն՝ Uber-ը կստանա Grab-ի բաժնետոմսերի 28 տոկոսը, իսկ Uber-ի գլխավոր տնօրեն Դարա Խոսրովշահին կներառվի տնօրենների խորհրդի մեջ:
Bloomberg-ի տվյալներով՝ տաքսի ծառայության հետ մեկտեղ մեկ փաթեթում ամերիկյան ընկերությունը վաճառում է նաեւ Uber Eats սննդի առաքման ծառայությունը: Ո՛չ Grab-ում, ո՛չ էլ Uber- ում գործարքի մասին տեղեկատվությունը չեն մեկնաբանվում:
Bloomberg-ի տվյալներով՝ 620 միլիոնանոց ասիական շուկան լքելու մասին որոշումը պատկանում է Uber-ի եւ Grab-ի ներդրող ճապոնական SoftBank-ին: Բաժնետերերը որոշել են, որ գործարքը երկու ծառայություններին էլ կօգնի շահույթ ստանալ. այժմ բիզնեսը տարեկան մի քանի միլիարդ դոլար է կորցնում: Ենթադրվում է, որ, միանալով, նրանք կկարողանան օրական 45 մլն ուղեւորություն ապահովել:




























