Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը որեւէ հակասություն չի տեսնում գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնի հայտարարությունների միջեւ այն մասին, որ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետեւում, ամենայն հավանականությամբ, կանգնած է Ռուսաստանը եւ այն փաստի, որ «Պորտոն Դաուն» լաբորատորիայի բրիտանացի քիմիկոսները չեն հաստատել թունավոր նյութի ռուսական ծագումը: Նշվում է բրիտանական ԱԳՆ-ից ստացված պատասխանում, փոխանցում է DW-ն:

«Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը պարզ հասկացրել է, որ «Պորտոն Դաուն»-ում վստահ են, որ օգտագործվել է «Նովիչոկ» կոչվող նյութը, եւ նրանք հաստատել են դա: Նույն հարցազրույցում նա նաեւ բացատրում է, թե ինչու ենք մենք, հիմնվելով այս տեղեկատվության, լրացուցիչ հետախուզական տեղեկությունների եւ Ռուսաստանի կողմից այլընտրանքային բացատրությունների բացակայության վրա, նման հետեւություն արել, - DW-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԱԳՆ-ն, - Այն, ինչ ասել է նախարարը եւ այն ինչ վերջերս հայտարարել էր «Պորտ Դաունը», ամբողջությամբ համապատասխանում է նրան, ինչի մասին մենք խոսում ենք ամենասկզբից: Այդ Ռուսաստանն է իրադարձությունների բազմաթիվ վարկածներ առաջ քաշում եւ շղարշում ճշմարտությունը»: