Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում թունավորված նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի տնային կենդանիները սատկած են հայտնաբերվել։ AFP–ի փոխանցմամբ՝  Սկրիպալի կատվի եւ երկու ծովախոզուկների սատկելը հաստատել են Բրիտանիայի Շրջակա միջավայրի, սննդամթերքի եւ գյուղի հարցերով դեպարտամենտի մամուլի քարտուղարը։ 

Նրա խոսքով, երբ անասնաբույժը մուտքի թույլտվություն է ստացել Սկրիպալի տուն, ծովախոզուկներն արդեն սատկած են եղել։ «Կատուն խղճուկ վիճակում է հայտնաբերվել եւ անասնաբույժը որոշել է քնեցնել կենդանուն՝ տառապանքները թեթեւացնելու համար»,–հավելել է նա։ 

Նշենք, որ Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը՝ Յուլյային թոնավորել են քիմիական նյութով։ Բրիտանիան պնդում է, որ այդ նյութը ԽՍՀՄ–ում արտադրված «Նովիչոկ» մարտական տեսակի նյարդային թույն է։ Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները։ 

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բարձրացրել էր կենդանիների ճակատագրի հարցը՝ նշելով, որ եթե թունավոր նյութ է կիրառվել, ապա մյուս կենդանի օրգանիզմները եւս պետք է տուժեին։