Կենդանիների պաշտպանները պահանջել են հետաքննել Սերգեյ Սկրիպալի տանն ապրող ծովախոզուկների եւ կատվի մահը: PETA կազմակերպությունը հաղորդել է, որ նրանց մահվան մեջ մեղավոր են բրիտանական իշխանությունները, հաղորդում է ՌԲԿ-ն:
Կենդանիների պաշտպանության բրիտանական PETA ընկերության ղեկավար Էլիզա Ալենը independent-ին տված հարցազրույցում ասել է, որ պահանջում է հետաքննել կատվի եւ ծովախոզուկների մահը, որոնք ապրում էին Սկրիպալի տանը:
«Կենդանիների մահը եւս մեկ ողբերգություն է այս սարսափելի պատմության մեջ: Եվ այս անգամ մեղավոր են բրիտանական իշխանությունները», - ասել է Ալենը: Նրա խոսքով՝ իրավապահներն իրավունք չունեին նրանց փակ տան մեջ թողնել:
Նախօրեին The Mirror-ը գրել էր, որ Սկրիպալի տանն ապրող ծովախոզուկները ջրազրկումից են սատկել: Իսկ ինչ վերաբերում է սեւ պարսկական կատվին, ապա Պորտոն Դաունի լաբորատորիայում ստուգումից հետո նրան թունավորելով սպանել են:
Mirror-ի հրապարակումից հետո ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ իրականում ազատվել են կարեւոր վկաներից, իսկ հետո դիակիզել, թեեւ կենդանիները կարող էին հանցանշան լինել Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործում:




























