Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գյուլբենկյան փողոցից երթով շարժվեցին դեպի Կոմիտաս պողոտա:

Փաշինյանը հայտարարեց, որ բերման ենթարկվելը պետք չէ ընկալել որպես սարսափելի մի բան, որ դա քաղաքացիական անհնազանդության դրսեւորում է: Նա նաեւ կոչ արեց ծանր չտանել, որ ոստիկանները տանում են ակցիայի մասնակիցների մեքենաները, որոնցով փակում են փողոցները:

Անդրադառնալով նախօրեին ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանավորելու փաստին, Փաշինյանն ասաց, որ թեեւ ինքը հայտարարել է, որ Հանրային ռադիո մուտք գործելու ամբողջ պատասխանատվությունն իր վրա է, սակայն ոստիկանները ոչ թե  իրեն են թիրախավորում, այլ ակցիայի մասնակիցներին. «Ես կոչ եմ անում չտրվել այդ տեռորին»:

Հարցին, մտավախություն չունի՞, որ ոստիկանության նման քայլերի հետեւանքով շարժումը կարող է թուլանալ, Փաշինյանը արձագանքեց. «Չեն հասցնի այդ ուղղությամբ իրադարձությունները զարգացնել»:

Նշենք, որ Գյուլբենկյան փողոց է ժամանել նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 20-ին, իրենք կրկին վերադառնալու են Երեւանի փողոցները տոտալ շրջափակելու ակցիային եւ դա պետք է լինի ցանցային՝ Երեւանի բոլոր թաղամասերում: Նա նշել է, որ փակելու են նաեւ մետրոյի կայարանները։ Փաշինյանը բոլորին կոչ է արել վաղը գործի չգնալ կամ միանալ իրենց։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: