Հռոմի Ֆրանցիսկոս պապի սպիտակ Lamborghini Huracan սուպերքարը Մոնակոյում՝ Sotheby's աճուրդային տան կազմակերպած աճուրդում վաճառվել է 715 հազար եվրոյով, հայտնում է ANSA գործակալությունը։
Այսպիսով, Հռոմի պապի ավտոմեքնայի արժեքը գրեթե 4 անգամ գերազանցել է նմանատիպ մեքենաների շուկայական արժեքը։ Որպես կանոն, Lamborghini Huracan մակնիշի մեքենաների գինը մեկնարկում է 183 հազար եվրոյից։
Գործակալությունը նշում է, որ մեքենայի վաճառքից ստացված միջոցները կծախսվեն բարեգործական նպատակներով՝ մասնավորապես, «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետեւանքով տեղահանված քրիստոնյա փախստականներին կտրամադրվի որպես օգնություն Իրաք վերադառնալու համար։
Ոսկեգույն երիզներով սպիտակ ավտոմեքենան Հռոմի պապին իտալական ապրանքանիշը նվիրել էր 2017 թվականի նոյեմբերին Lamborghini-ի ղեկավարության հետ Ֆրանցիսկոս պապի ընդունելության ժամանակ։
Lamborghini-ն առաջին ընկերությունը չէ, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապին տրանսպորտային միջոց է նվիրում։ Ավելի վաղ Վատիկանը աճուրդում վաճառել էր Harley-Davidson մոտոցիկլը։





























