Մինսկում հունիսի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էր Հարեւանության հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը:
ԱլԳ անդամ պետությունների արտգործնախարարների լիագումար նիստի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդես եկավ ելույթով, որում, կարեւորելով ԱլԳ շրջանակներում ներգրավվածությունը, ընդգծեց, որ այն շարունակում է արդյունավետ հարթակ հանդիսանալ համագործակցության ոգին առաջ մղելու համար:
«Մենք կշարունակենք հաստատակամ քայլեր ձեռնարկել մեր հարաբերություններում այդ ոգին ամրապնդելու եւ գործընկեր երկրների միջեւ վստահությունն եւ փոխադարձ հարգանքն ընդլայնելու ուղղությամբ»,-ասել է նախարարը:
Կարեւորելով 2017թ․ բրյուսելյան գագաթաժողովին ընդունված «20 արդյունք մինչեւ 2020»-ը, որի առանցքը ԵՄ-ի, Արեւելյան հարեւանների եւ գործընկեր երկրների միջեւ տարածաշրջանային փոխկապակցվածության, համագործակցության եւ երկխոսության խրախուսումն է, նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը վերահաստատում է այս օրակարգի առաջմղմանը նպաստելու իր հանձնառությունը։
Նախարար Մնացականյանը կարեւորեց Եվրոպական միության շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին։ Նախարարը նաեւ բարձր գնահատեց քաղաքացիական հասարակության հետեւողական ներգրավվածությունը Արեւելյան գործընկերության օրակարգային հարցերի շրջանակներին։
Նախօրեին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստի առնչությամբ նախարար Մնացականյանը նշեց, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջանկյալ կիրարկմանը հետեւած այդ հանդիպումը գործնական հնարավորություն ընձեռեց գնահատելու գործընկերության առկա մակարդակը եւ ուրվագծելու առաջիկա գերակայությունները։
Անդրադառնալով Հայաստանում վերջին զարգացումներին՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարության աներեր հանձնառությունը Հայաստանի ժողովրդի կողմից տրված մանդատը հաստատակամորեն իրականացնելու եւ օրենքի գերակայության, ժողովրդավարական սկզբունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության եւ խրախուսման, երկրում բոլոր ուղղություններով արդարության եւ հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ:
Կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների առնչությամբ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը որդեգրել է շարունակական, կանխատեսելի եւ ամուր ներգրավվածություն բոլոր բարեկամների եւ գործընկերների հետ՝ ինքնիշխան հավասարության հիման վրա, որն ուղղված է Հայաստանի շահերի առաջմղմանը, փոխադարձ շահավետ համագործակցության եւ գործընկերության խրախուսմանը։
Եզրափակելով իր խոսքը՝ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստակամ է ստանձնելու առավել լայն պատասխանատվություն եւ ներգրավվածություն Եվրամիության, ԵՄ անդամ պետությունների եւ գործընկեր երկրների հետ՝ անվտանգ, կայուն եւ բարգավաճ հարեւանությամբ ընդհանուր տարածաշրջանի ձեւավորման համար։











