ԵԽԽՎ Լեռնային ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսումը կարող է բերել ԼՂ խնդրի հետ կապված նոր անբարենպաստ բանաձեւերի ընդունման։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ ենթահանձնաժողովը շեղելու է խնդրի քննարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից։

«Հիշյալ  ենթահանձնաժողովը Ադրբեջանի մոտ պատրանքներ է առաջացնելու, թե ինքը կարող է անկեղծ չբանակցել Մինսկի ֆորմատում եւ խնդրի կարգավորումը փնտրել այլ ֆորմատներում»,-հայտարարեց Զուրաբյանը։

Նա նաեւ  հիշեցրեց, որ մինչեւ 1998 թվականը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարչակարգին հաջողվում էր ԼՂ խնդրի քննարկումը զերծ պահել բացի ԵԱՀԿ-ից որեւէ այլ ֆորմատում քննարկվելուց։ Սակայն 1998-ից հետո սկսեցին ոչ նպաստավոր բանաձեւեր, եւ ասպարեզ եկավ նշված ենթահանձնաժողովը։ Իսկ այժմ այդ ենթահանձնաժողովի աշխատանքների վերաակտիվացումը, ըստ ՀԱԿ համակարգողի, Սերժ Սարգսյանի կողմից վարած դիվանագիտության անկարողության հետեւանքն է։