Քարվաճառում մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպը, որն ավարտվել է մահով, միջանձնային դեպք է եղել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ եւ արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա հաստատեց տեղեկությունը, որ պայմանագրային զինծառայողը ոչ սթափ վիճակում կրակել է ծառայակցի վրա. «Նախ պետք է գիտակցության վրա աշխատել, որ խմիչքը պայմանագրայինների մոտ չհայտնվի առաջնագծում: Այդ միջոցառումներն իրականացվում են եւ Ռազմական ոստիկանության կողմից, եւ հրամանատարությունը մեծ ուշադրություն է դարձնում: Երկրորդը՝ կարգապահության մակարդակի բարձրացումն է»:
Հարցին, թե արդյոք այդ դեպքով պատժվողներ եղել են, նախարարը պատասխանեց. «Իհարկե, բոլոր դեպքերով անմիջապես հարուցվում է քրգործ, իրականացվում է նախաքննություն: Եթե դուք որոշ ժամանակ հետո դատաքննության փուլում տեղեկացվում եք որոշ խնդիրների վերաբերյալ, դա դրա արդյունքն է: Ուղղակի ժամանակ է տեւեւմ, թվում է՝ պատիժը ուշ է հասնում: Եվ սպայական կազմից են ազատումներ լինում, եւ հրամանատարական կազմից: Անհոգ եղեք, անկարգապահության, քրեական, կոռուպցիոն դրսեւորումների, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով մեծ աշխատանք է կատարում ՊՆ-ն»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքերում հունիսի 22-ին, պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել: Մահացածը պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանն էր:











