Սոչիի Ադլերի շրջանում Պրոսվեշչենիա փողոցում հրդեհը սկսվել է առավոտյան ժամը վեցին մոտ, փոխանցում է «Российский Диалог»-ը:
05:40-ին եկել են առաջին հրշեջ ստորաբաժանումները, բաց կրակի ամբողջական չեզոքացման համար 1 ժամ է պահանջվել, մարմինները սկսել են գտնել 06:22-ին (հայտնաբերվել է միանգամից 6 մարդ), ավելի ուշ գտել են եւս երկուսին: Նրանցից ոմանք մահացել են քնած ժամանակ՝ ծխից շնչահեղձ լինելով:
Քննիչների տվյալներով՝ շենքը բռնկվել է լուցկու տուփի պես՝ հաշված րոպեների ընթացքում կրակն այն ամբողջությամբ ընդգրկել է: Հավանաբար, շենքի շինարարության ժամանակ, որտեղ ամեն ամառ հանգստացողների էին ընդունում, օգտագործել են վտանգավոր նյութեր:
Հայտնի է, որ երեք զոհվածները միեւնույն ընտանիքի անդամներն են: Զոհվածները շենքի տերերն են: Նրանց մարմինները հայտնաբերվել են երրորդ հարկում: Եվս հինգ զոհվածների հայտնաբերել են առաջին հարկում հայկական խոհանոցի սրճարանում: Հիմա ընտանիքի հայրն այրվածքներով հիվանդանոցում է: Նրա 16-ամյա որդին վնասվածքներ է ստացել, երբ պատուհանից ցած է նետվել: Հոսպիտալացված երրորդ կինը ծավալուն այրվածքներ ունի:
Սոչիում հրդեհի ժամանակ զոհվածների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ռուսաստանի Քննչական կոմիտեի Կրասնոդարի մարզի քննչական վարչությունը հայտնել է ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածի 3-րդ մասով (անզգուշությամբ մահվան պատճառում երկու եւ ավելի անձանց) քրեական գործ հարուցելու մասին. Սոչիի Ադլերի շրջանում շինարարական վագոններում զոհվել են 8 բանվորներ, հայտնում է «Կոմերսանտը»:
Ինչպես հայտնում է «Կուբան-24»-ը, բոլոր զոհերը եւ տուժածները վարձու աշխատողներ են, ենթադրաբար՝ ԱՊՀ երկրներից: Այս պահին հայտնի է, որ վարձակալման պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի երկաթուղիներ ընկերության հետ, որի ներկայացուցիչը հիմա դեպքի վայրում է:












