Լոնդոնում անհաջողակ կողոպտիչը, փորձելով կոտրել ապակե դուռը, աղյուսով նոկաուտի է ենթարկել իր հանցակցին: Միջադեպի տեսագրությունը տեղադրվել է YouTube-ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կադրերում երեւում է, թե ինչպես է երեք երիտասարդ տղամարդ մոտոցիկլետներով մոտենում շենքին: Այնուհետեւ նրանցից երկուսը աղյուսներով մոտենում են ապակե դռանը, ինչից հետո տղամարդկանցից մեկը փորձում է կոտրել այն մոտ հեռավորությունից: Այս ընթացքում երկրորդ հանցագործն աղյուսը հեռվից նետում է դռան վրա, սակայն դռան փոխարեն դիպչում է իր անհաջողակ ընկերոջ գլխին, ինչից հետո վերջինս կորցնում է գիտակցությունը:
Հանցագործը փորձում է ուշքի բերել տուժածին, սակայն նրան խանգարում է վրա հասած պահակը: Տեսագրության վերջում կողոպտիչներն արագ փախչում են՝ իրենց հանցակցին անգիտակից վիճակում թողնելով հատակին:











