Նոր իշխանությունը ստիպված է կրկնում նախորդ իշխանության կողմից ձեռնարկվող փոփոխությունները, օրինագծերը, շարունակում է ծրագրերը, թեպետ մոլի քննադատողն էր մինչեւ վարչապետի, կառավարության պատասխանատվության ստանձնումը»: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ արտահերթ նիստում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Քաղաքական տեսակետից ակնհայտ է այն մոտեցումը, որ փորձում են որդեգրել այսօրվա իշխանավորները, որ նախորդները միշտ վատն էին, իսկ մենք ավելի լավն ենք լինելու, չի դիմանում անգամ հարյուր օրվա քննադատություն: Բնականաբար, նախորդ իշխանությունները ունեցել են սխալներ, բացթողումներ, բայց դրանց կողքին չեն ստվերել հաջողության պատմությունները: Բնականաբար նոր իշխանությունը նույնպես կունենա հաջողություններ, բայց դժվար է ասել՝ արդյոք մեզանից ավելի լավ կաշխատի»,-ասաց նա:
Արմեն Աշոտյանը նշեց, թե մեծ է գայթակղությունն ընթերցել տարբեր մեջբերումներ այսօրվա իշխանության ներկայացուցիչների՝ Նիկոլ Փաշինյանի, Արտակ Զեյնալյանի, Լենա Նազարյանի նախկին ելույթներից, բայց նշեց, որ նման բան չի անի:
«Ուզում եմ հասկանանք, որ ամեն չէ, որ սխալ էր անում նախորդ իշխանությունը: Միայն Սեւանի մասին չէ խոսքը. Քննադոտում էին մեր արտաքին քաղաքականությունը, շարունակում են նույնը, դեմ էին միջազգային դպրոցներին, բայց գնում են Դիլիջանի միջազգային դպրոցի վերջին զանգի միջոցառմանը, պարզվում է՝ երեք ամսում չինական դպրոց են կառուցել, այն դեպքում, երբ 5 տարի ծրագիրը կար եւ ես էլ եմ պատիվ ունեցել աշխատել: Պետությունը էստաֆետ է սիրում, ու ամոթ չէ, որ այդ մասին ասեք»,- նշեց Աշոտյանը:
Նա կարծիք հայտնեց, որ քաղաքական մշակույթի խորքային վերանայումների լավ առիթ էր Բաբլոյանի եւ Փաշինյանի երեկվա հայտարարությունը. «Խոսքի ազատության արժեքը վերադարձավ, դատական իշխանության մասին վարչապետի տեսակետներն ավելի ամրապնդվեցին, ագքորայի փոխարեն խորհրդարան կա, չի սպառել այդ ձեւաչափն իրեն: Այդ հանդիպումը լավ առիթ է մի քիչ հետ դնելու այն փակուղային ճանապարհից, որը տանում էր գործող իշխանությունը: Պետք չէ ասել, որ մենք լավն ենք, եթե շարունակում եք մեր աշխատանքը եւ դուք պարտավոր եք ավելի լավ դա անել: Այսօր դուք, «Ելք» խմբակցության պատգամավորներ, պատասխանատու եք գյուղացիների առջեւ, Սեւանի էկոլոգիական վիճակի առջեւ: Դուք, վերջապես, դառնում եք պետական մտածելակերպ կրող պատասխանատու չինովնիկներ. Լավ իմաստով»,-ասաց Աշոտյանը:











