Անցումային արդարադատություն չի նշանակում, որ դատական համակարգը կարող ենք մի կողմ դնել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր ԷդմոնՄարուքյանը։

Նրա խոսքով՝ անցումային արդարադատության մոդելը գիտական քննարկման առարկա է, թե մոդելի որ մասը վերցնել։

«Դա ֆեսբուքյան գրառումներով չի տեղի ունենում։ Երբ «Ելք» դաշինքը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններին  մասնակցելու ծրագիր, այդ ծրագրում ես կետ էի առաջարկել, որը կոչվում էր «ճշմարտության հանձնաժողովի ստեղծում»: Մենք կարող են ստեղծել այդ ճշմարտության հանձնաժողովը, որը կարող է ունենալ հանրային վստահություն, եւ այդ վստահությունն ունենալով կարող էր զբաղվել Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի եւ այլն  նմանատիպ սեւ էջերով, որից հետո հանրային համերաշխությունը իր վերջնական հանգրվանին կհասնի, դրա համար զոհերի իրավունքները պետք է պաշտպանված լինի։ զոհերի եւ զոհված անձանց իրավունքների վերականգնման հարց կա, մեղավորների բացահայտման եւ պատասխանատվության հարց կա, որի արդյունքում հանրային համերաշխություն կհաստատվի»։

Մարուքյանի համոզմամբ՝ անցումային արդարադատություն չի նշանակում, որ դատական համակարգը մենք կարող ենք մի կողմ դնել, քանի որ «դատական իշխանությունը, դատական համակարգը սահմանադրական կարգի մաս է, հնարավոր չէ անտեսել կամ մի կողմ դնել»։

Նա շեշտեց՝ այսօրվա դատական համակարգն էլ իր անցումային փուլի մեջ է, «իրենք հասկանում են, որ իրենց չեն զանգելու ասեն թե ինչպես դատեն, որին բռնեն, որին բաց թողեն, մինչեւ այդ ամենը մարդիկ գիտակցեն, ամեն ինչ հունի մեջ կընկնի, կգործի, իսկ հակառակ պարագայում խնդիրներ կառաջանան այն մարդկանց մոտ, որոնք զանգերով որոշումներ են կայացնում եւ նրանց մոտ, որոնք զանգում են դատավորներին»։