Ռոբերտ Քոչարյանի գնահատականները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մեզ համար նորություն չեն: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով փաստին, որ նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել էր Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական փոփոխությունների նախաձեռնելը եւ երրորդ ժամկետ գնալը:

«Այդ ընթացքում եղել են քաղաքական գործիչներ, պաշտոնաթող նախագահներ, քաղաքական կուսակցություններ, որոնք դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, եղել են գործիչներ, որ կողմ են արտահայտվել, եղել է հրապարակային քարոզչություն՝ կողմ եւ դեմ:

Ես կարող եմ վերահաստատել իմ եւ ՀՀԿ-ի կարծիքը, որ սահմանադրական բարեփոխումները եւ խորհրդարանական կառավարման անցնելու անհրաժեշտությունը կար, գտնում եմ, որ դա շատ դրական քայլ էր Հայաստանի ժողովրդավարության, ինչու չէ, նաեւ ազգային անվտանգության ուղղությամբ: Կարծում եմ՝ ժամանակը դեռ ցույց կտա, որ խորհրդարանական համակարգին ամբողջական անցումը բխում էր պետության անվտանգության եւ պետականության շահի գերակայությունից: Ժամանակ է պետք, որ դրանում եւս մեկ անգամ համոզվենք»,-հայտարարեց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից երրորդ ժամկետով կառավարելուն, Շարմազանովն ասաց. «Ես այն կարծիքին չեմ, որ Սահմանադրությունը փոխվել է, որպեսզի Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով պաշտոնավարի: Սահմանադրությունը փոխվել է շատ ավելի կարեւոր հիմնավորումներով, որի մասին խոսել ենք: Սերժ Սարգսյանի առաջադրման պահով էլի եղել են տարբեր կարծիքներ: Ես գտնում եմ, որ ապրիլի 18-ի դրությամբ Սերժ Սարգսյանի այստեղ ընտրվելը բխում էր ՀՀ պետական շահից, քանի որ այն ժամանակվա իրականությամբ ՀՀԿ-ն ընտրություններում ստացել էր քաղաքական մեծամասնություն եւ ըստ պառլամենտական համակարգի, մենք պետք է որոշեինք, թե ում ենք վստահում վարչապետի պաշտոնը:

Մենք մեր թիմում ավելի պատրաստված, ավելի իմաստուն, մարտահրավերներին ավելի լավ դիմակայելու, անվտանգությունը գիտակցելու եւ Արցախի շահը պաշտպանելու ավելի իմաստուն, փորձառու գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, չունեինք: Ուստի հարգանքով վերաբերվելով երկրորդ նախագահի կարծիքին, բնականաբար, չենք կիսում իր դիրքորոշումը: Սա չի նշանակում, որ շատ ու շատ այլ հարցերի վերաբերյալ մենք չենք կարող համագործակցել»:

Նա կարծիք հայտնեց, որ այո, երկրորդ նախագահը ասելիս ու անելիք ունի քաղաքականության մեջ, բայց կոնկրետ սահմանադրական բարեփոխումների եւ երրորդ ժամկետի հետ կապված իրենք ունեն իրենց կարծիքը, երկրորդ նախագահը, առաջին նախագահը, այլ քաղաքական ուժեր ունեն իրենց կարծիքը:

Շարմազանովը նշեց, որ ապրիլի 17-ին ճիշտ էր, որ այս խորհրդարանը վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին. «Մեր սխալներն այլ տեղ են եղել»,-հայտարարեց նա: