ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե հեղափոխության պատճառներից մեկը Սերժ Սարգսյանի կողմից երրորդ ժամկետի գնալն էր եւ վարչապետի պաշտոնում առաջադրվելը:
«Այս գործընթացը բավական երկար ժամանակ նախապատրաստվում էր եւ անկախ նրանից ով կլիներ ընտրված վարչապետը, ինչ-որ գործողություններ եւ գործընթաց պետք է գնար, որովհետեւ դա տվյալ քաղաքական ուժի կամ ուժերի, կամ թիմի որոշումն է եղել՝ իշխանության գալ»,-այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ իհարկե, կային նաեւ տեսակետներ, շահարկումներ, որ նաեւ դա կարող էր պատճառ լինել:
«Ինձ թվում է, որ ցանկացած պարագայում, անխուսափելի էր լինելու շարժումը, որը նրանք պետք է անեին: Սա իմ անձնական կարծիքն է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Քոչարյանի այն պնդմանը, որ եթե սահմանադրական փոփոխություն չլիներ, երրորդ ժամկետի խնդիր էլ չէր լինի եւ հեղափոխություն տեղի չէր ունենա, Բաղդասարյանը նկատեց, որ խորհրդարանական պետության խնդիրը քննարկվում էր դեռ շատ վաղուց, որը ժամանակին իշխանությունը վաղաժամ էր համարում, իսկ այս փուլում պահը հասունացել էր:
«Քաղաքական ագահության» մասին հարցին Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Պառլամենտական մեծամասնությունը մենք էինք և մեր կոալիցիոն գործընկերոջ հետ միասին մենք պետք է առաջադրեինք թեկնածու։ Հիմա էլ ես որեւէ կասկած չունեմ, որ մեր երկրի անվտանգությունից, Ղարաբաղի անվտանգությունից ելնելով, մենք ճիշտ թեկնածուի էինք ընտրել։ Ինչ վերաբերում է մեր իշխանությունը պահելուն, ապա եթե չլիներ Սերժ Սարգսյանը, նորից Հանրապետականը պետք է մեկ այլ թեկնածու առաջադրեր ու դա էլի պետք է լիներ մեր իշխանությունը։ Ինձ թվում է՝ ցանկացած թեկնածուի դեպքում իշխանափոխության այս գործընթացը, որը նախապատրաստվում էր, պետք է գնար»:











