Ես առաջին անգամ այդ նոր մոտեցումը լսեցի հանրահավաքում. նախկինում բազմաթիվ հանդիպումների ժամանակ նման մտավախություն չի եղել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտավախությանը, թե իր հրաժարականից հետո ՀՀԿ-ն կարող է թաքուն վարչապետ առաջադրել ու անցկացնել իր թեկնածուին:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ քաղաքական քայլերն ունենում են որոշակի ռիսկայնություն. «Իսկ ռիսկային չէ՞ր իր այն քայլը, որ կատարեց այս շարժումը: Դա ավելի ռիսկային էր: Արդյունքի հասնելու համար պետք է ռիսկայնությունից չխուսափել»:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իրենք նման քայլ անելու մտադրություն չունեն. «Ինձ թվում է՝ իմաստ էլ չունի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Որովհետեւ աշխատում է եւ պետք է հնարավորություն ունենա իր աշխատանքով ապացուցել ամեն ինչ: Չեմ կարծում, որ վարչապետի հրաժարականը առիթ է Ազգային ժողովի արձակման համար: Երբ տեսնենք կան խանգարող հանգամանքներ, կարող ենք այդ մասին մտածել, առայժմ նրան խանգարող  որեւէ հանգամանք չկա: Մենք աջակցում ենք կառավարության բոլոր դրական ծրագրերին եւ պետք է աջակցենք: Չեմ կարծում, որ Փաշինյանի հրաժարականի առիթ կա»:

Բաղդասարյանը հավաստիացրեց, որ եթե մեկ տարին լրացած լիներ, էլի իրենք փորձ չէին անի Փաշինյանի հրաժարականը պահանջելու. «Եթե ինքը զգում է, որ կան խանգարող հանգամանքներ իր աշխատանքի հետ կապված, դա այլ խնդիր է»: