Օտարալեզու դպրոցների բացումն օտար լեզվի իմացության խնդիր չի լուծում, խնդիրը դասավանդման եւ որակյալ մասնագետներ ունենալն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին Մոսկվայի տանը Երեւանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

Արաբկիրի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը հարցրեց. «Մեր ժամանակներում, երբ անհրաժեշտություն է դպրոցում օտար լեզու դասավանդելը, դասավանդումը սկսում ենք 3-րդ դասարանից՝ շաբաթը 2 ժամով։ Դասագրքերի վիճակը բավարար չէ եւ, կարծում եմ, մենք դպրոցներում օտար լեզվի իմացություն չենք ապահովում։ Խորհրդային տարիներին կային օտար լեզուների խորացված ուսուցման դպրոցներ. հնարավոր չէ՞ մեր երկրում ունենալ նման դպրոցներ»։

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունեց, որ օտար լեզուների դասավանդումը բավարար մակարդակի վրա չէ մեր դպրոցներում, դասավանդման մեթոդաբանության, դասաժամերի ճիշտ ընտրության խնդիր կա։ Այդուհանդերձ, նրա համոզմամբ, խնդիրը ոչ թե խորացված ուսուցման դպրոց ունենալն է, այլ դասավանդումը եւ որակյալ մասնագետները։

«Ես վստահ եմ, որ հիմա այն տեքստը, որ դուք ասեցիք հայերեն, լինելով խորացված դպրոցի նախկին աշակերտ՝ այդ տեքստն անգլերենով չէիք ասի»,- ասաց նախարարը: Դպրոցի տնօրենն էլ հակադարձեց. վստահ կարող է ասել եւ հարցը շարադրեց անգլերեն:

Նախարարն էլ արձագանքեց, որ ստեղծագործում է եւ լրիվ ուրիշ տեքստ է ասում, ինչին դպրոցի տնօրենը պատասխանեց, որ կարող է հարցը նույնությամբ կրկնել: Նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցի տնօրենին շնորհակալություն հայտնեց անգլերենով:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ հուշագրեր են ստորագրել Խաղաղության կորպուսի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ։ Ակտիվ համագործակցում են նաեւ Բրիտանական խորհրդի հետ, որ վերապատրաստվող ուսուցիչների թիվն ավելանա:

Նախարարը վստահեցրեց, որ մյուս պետությունների համապատասխան կազմակերպություններն էլ, եթե առաջարկներ անեն, պատրաստ են համագործակցել, որովհետեւ կարծում են, որ լեզուների իմացությունը շատ կարեւոր է, եւ դա պետք է սկսվի դպրոցներից։