2017 թվականի նոյեմբերի 4-ին Արցախի զորամասերից մեկի պահեստում հակատանկային նռնակի պայթյունից մահացած Հրանտ Մանգասարյանի մայրը՝ Նունե Հակոբյանն, այսօր՝ օգոստոսի 30-ին, բողոքի ակցիա էր անցկացնում Կառավարության մոտ: Մահացած զինծառայողի մայրը ցանկանում էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ սոցիալական օգնություն խնդրել, քանի որ ընտանիքը ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

«Ես խնդրում եմ իմ ընտանիքին ապահովել, ես ինքս կես մարդ եմ դարձել, մի անչափահաս աղջիկ ունեմ, մեկն էլ տեսողության խնդիր ունի: Բազմաթիվ պաշտոնյաների եմ դիմել, ասել են, այո´, տիկին ջան, ձեզ կլսենք կընդունեք, սակայն ոչ ընդունում են, ոչ մի բան: Ինձ թվում է հարցերին ռեալ լուծում միայն Փաշինյանն է տալիս, այդ պատճառով էլ ցանկանում եմ Փաշինյանին հանդիպել»,-ասաց Նունե Հակոբյանը:

Տիկին Նունեն նշեց, որ գոհ է գործի քննությունից, իր բողոքը միայն սոցիալական վիճակին է վերաբերում: Ընտանիքը ապրում է որդու՝ Հրանտի թոշակով, այն է 30 հազար դրամով:

Նա նշեց, որ 3-4  ամիս առաջ դիմել է ՊՆ նախարարին, չի ընդունել: Տիկին Նունեն այսօր էլ չկարողացավ հանդիպել պաշտպանության  նախարար Դավիթ Տոնոյանին:

Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել հակատանկային նռնակի պայթյուն, ինչի հետեւանքով Հրանտ Մանգասարյանը մարմնի տարբեր մասերում ստացած պայթյունաբեկորային վնասվածքներից տեղում մահացել է, ժամկետային զինծառայող Ս. Ալումյանն ստացել կյանքին վտանգ սպառնացող ծանր, իսկ ժամկետային զինծառայող Մ. Մարգարյանը` թեթեւ մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գ.Հյուսնունցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 374-րդ հոդվածով (զինծառայողին վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական այլ գույքը, ինչպես նաեւ ռադիոակտիվ նյութերը, պայթուցիկ կամ շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող այլ սարքերը եւ առարկաները սահմանված կարգի խախտմամբ մեկ ուրիշին հանձնելը, եթե դա առաջացրել է մարդկային զոհեր կամ այլ ծանր հետեւանքներ):

Քրեական գործով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաեւ զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Ա.Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով: Ժամկետային զինծառայող Հրանտ Մանգասարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի հրթիռահրետանային սպառազինության պահեստապետին: