ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատավական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած հայկական պատվիրակության աշխատանքային այցը Թայլանդ շարունակվում է։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատավական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) երկրորդ նիստին Հակոբ Արշակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Հայաստանի համար ինտեգրացիոն նախագծերի կարեւորությանը, ինչը պայմանավորված է աշխարհագրական դիրքով`դեպի ծով ելք չունենալու հանգամանքով: Սրա հետեւանքով Հայաստանը չունի հավասար հնարավորություններ ծովային ուղիների եւ ծովային օպտիկական ենթակառուցվածքների օգտագործման համար:

Հայաստանի համար շատ կարեւոր է, որ տարածաշրջանային տեղեկատվական մայրուղիներն անցնեն մեր տարածքով, քանի որ այդպիսի ենթակառուցվածքները մեծ ազդեցություն են ունենում երկրի անվտանգության, տեխնոլոգիաների տարածման եւ զարգացման, որակյալ ինտերնետի տարածման, ներդրումային դաշտի ակտիվացման, միջազգային դասակարգիչներում Հայաստանի դիրքի բարելավման եւ բազմաթիվ այլ տեսանկյուններից։

Նախարարի առաջին տեղակալն իր զեկույցում նաեւ ընդգծել է ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի սոցիալական եւ տնտեսական հանձնաժողովի կարեւոր դերը, որը նպաստում է անդամ պետությունների միջեւ համագործակցության խթանմանը, Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համապարփակ եւ կայուն տնտեսական ու սոցիալական զարգացման ապահովմանը:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է նաեւ ներկայում Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ամենամեծ ծրագրերից մեկը` «Հյուիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» եւ հրավիրել շահագրգիռ անդամ-պետություններին ու գործընկերներին համագործակցելու այդ ենթակառուցվածքային ծրագրի նպատակները իրականացնելու ուղությամբ` միացնելով հյուսիսը հարավին՝ ներառյալ ճանապարհները եւ տեղեկատվական մայրուղիները, որոնք ծառայում են որպես տարածաշրջանային ինտեգրացիոն նախագծերի եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերմայրուղու բաղկացուցիչ մաս:

Նիստի ավարտին հայկական կողմի առաջարկով «Հյուիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», որպես Ասիա-խաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերմայրուղու ծրագրի բաղկացուցիչ մաս, ներառվել է զեկույցում՝ անդամ երկրների կոնսեսուսի միջոցով։

Այցի շրջանակներում Հակոբ Արշակյանը կհանդիպի նաեւ Թայլանդի թագավորությունում Հայաստանի պատվո հյուպատոսի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: