ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր` սեպտեմբերի 1-ին, այցելել է Նուբարաշենի Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոց, որտեղ ժամանակին ինքն է սովորել:
Ոստիկանապետը գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորեց աշակերտներին եւ ուսուցիչներին եւ ասաց, որ ինքը շատ է կարեւորում դպրոցի կատարած առաքելությունը:
«Երեխաները մեր ապագան է: Հարգելի ուսուցչական կազմ, բազմաթիվ մասնագիտություններ կան երկիր մոլորակի վրա, սակայն ես առանձնացնում եմ ձերը, քանի որ դուք կրթում եք մեր երեխաներին, քանի որ դուք կրթում եք մեր երկրի, մեր հայրենիքի ապագային: Ես լավ հուշեր ունեմ այն ժամանակներից, երբ ես հաճախում էի Ղեւոնդ Ալիշանի դպրոց: Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիդ եւ հատկապես մեր առաջին դասարանցիներին»,-ասաց ոստիկանապետը:
Վալերի Օսիպյանը դպրոցի տնօրենի եւ ուսուցիչների հետ շրջեց դպրոցում, առաջինցիների դասարանում էլ երբ տեղեկացրեցին, որ այս տարի առաջին դասարան է հաճախելու 53 տղա եւ 35 աղջիկ, ոստիկանապետը հիշեց, որ իրենք տասներորդ դասարանում 12 հոգի էին. «Մեր տասներորդ դասարանում եղել է 6 տղա, 6 աղջիկ` 12 հոգի»:
Վալերի Օսիպյանի հետ դպրոց այցելած ոստիկաններն էլ առաջին դասարանցիներին ծաղիկներ եւ եռագույն դրոշներ նվիրեցին:











