Հայկ Մարությանի թեկնածությունը, իմ համոզմամբ, ամենաշատն է համապատասխանում այն գաղափարաբանությանը, գաղափարախոսությանը, որն այսօր դրված է Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ժողովրդական, ոչ բռնի, հեղափոխության հաղթարշավի հենքում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում Էրեբունի թանգարանին հարակից հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ բազմիցս ասել է. Հայաստանում այսուհետ պետք է տեղի ունենա աշխատանքի քարոզչություն, ոչ թե պարապության քարոզչություն, որ Հայաստանում պետք է փոխվի հաջողության մոդելը եւ պետք է ներդրվի նոր հաջողության մոդել։ Նա նաեւ բացատրեց այդ մոդելի իմաստը։
Նրա խոսքով՝ հին մոդելի իմաստն այն էր, որ որեւէ տեղ, որեւէ հարցում հաջողություն ունենալու համար պետք է ունենալ լավ ծանոթ, բարձրաստիճան պաշտոնյա, որին պետք է ծառայել ընտրություններում, հնարավորինս շատ կեղծիքներ անել, ի հեճուկս օրինականության եւ ժողովրդի շահերի՝ հետապնդել ժողովրդին, ճնշել եւ այդ պատրաստակամությամբ կարիերա անել: Հաջողության նոր մոդելը, ըստ Նիկոլ Փաշինյանի, հետեւյալն է. մարդիկ Հայաստանում հաջողության են հասնում բացառապես իրենց տաղանդի, աշխատասիրության, քրտնաջանության, սկզբունքայնության արդյունքում։
«Այն ժամանակներում, երբ Հայկ Մարությանը պետք է ընտրեր իր հետագա կյանքի ճանապարհը, նա ոչ թե որոշեց գնալ ծանոթ-բարեկամ փնտրելու, գտնելու, որ ինչ-որ տեղ իրեն մի լավ աշխատանք տան, մի հատ յուղոտ պաշտոն տան կամ թեկուզ մի պուճուր պաշտոն՝ մինչեւ ավելի յուղոտ պաշտոններ ձեռը կընկնի, նա վերցրեց տեսախցիկը եւ ինքն իր համար ստեղծեց աշխատանք, որոշեց իրացնել իր տաղանդը՝ այդ ընթացքում չունենալով որեւէ բարձրաստիճան հովանավորի կարիք, որովհետեւ նա մտածեց, որ եթե ինքն իր տաղանդի հովանավորյալ համարի ժողովրդին, ժողովուրդը կհովանավորի իր տաղանդը»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլորը տեսել են «Կարգին հաղորդման» այն հատվածը, որն արդեն հայտնվում է էկրաններին: «Դա, ըստ էության, հսկայական կազմակերպչական, քրտնաջան աշխատանք է, եւ այդ աշխատանքը կատարել է Հայկ Մարությանը, ըստ էության՝ ստեղծելով Հայաստանի ամենահաջողակ, ամենահայտնի պրոդյուսերական ընկերությունը, որը իրոք ստեղծել է արտադրանք՝ սեփական քրտինքով, սեփական աշխատանքով, առանց բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության, որը պոպուլյար է եղել, որը սիրվել է մարդկանց կողմից եւ որը ստեղծել է ոչ թե սրանից-նրանից օգնություն խնդրելով, մուրալով, այլ օր ու գիշեր աշխատելով»,- հավելեց նա:
Սա է, նրա համոզմամբ, հաջողության նոր մոդելը. Հայաստանում հաջողության հասնելու համար պետք չէ քծնել իշխանավորին, այլ օր ու գիշեր աշխատել, իրացնել սեփական տաղանդը եւ այդ տաղանդը անպայման կբերի արդյունքի, կբերի բարեկեցության։




























