Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կարելի է գնալ միայն քաղաքական կոնսենսուսի միջոցով: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11–ին,  ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում սահմանադրական փոփոխությունների առաջարկին,  որի համաձայն ԱԺ-ն ինքնալուծարվելու հնարավորություն պետք է ստանա։

Ըստ Բաբլոյանի, նախ իրենք դեռ չեն ստացել  առաջարկություն, ստանալուց հետո կքննարկեն:  «Դա քաղաքական գործընթաց է  եւ քննարկման, կոնսենսուսի արդյունք կարող է լինել, այսինքն՝ դա չի կարող լինել մեկ կամ երկու մարդու կամ քաղաքական գործչի ցանկություն: Դա պետք է լինի կոնսենսուսի արդյունք», - պարզաբանեց Բաբլոյանը:

Միաժամանակ նա նշեց, որ չի կարող  ասել ԱԺ արտահերթ ընտրությունների հստակ ժամկետներ. «Ճիշտն ասած, չեմ կարող նշել հստակ ժամկետ, որովհետև, դուք գիտեք, որ մենք ԱԺ-ում ստեղծել ենք համապատասխան աշխատանքային խումբ, որը աշխատում է օրենսդրության փոփոխությունների վրա: Այս աշխատանքները դեռ չեն ավարտվել»։