Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացիություն ունենալը չենք ստուգել, որովհետեւ ենթադրել ենք, թե ինչպե՞ս կարող էր ՌԴ քաղաքացին զբաղեցնել ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
«Մենք ելել ենք ողջամտության ու օրինականության կանխավարկածից»,- հավելեց նա:
Հարցին՝ եթե պարզվի, որ Միքայել Հարությունյանը 2002 թվականից եղել է ՌԴ քաղաքացի, ո՞վ է դրա համար պատասխան տալու, ՀՔԾ պետն արձագանքեց. «Կարծում եմ՝ եթե ոչ իրավական պատասխանատվություն, առնվազն բարոյական պատասխանատվություն նրան նշանակող անձինք պետք է կրեն: Այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, ՀՀ նախագահն էր հրամանագրով նշանակում: Որեւէ հստակ տվյալ, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, ես չեմ տեսել»:
Նշենք, որ Ինտերֆաքս գործակալությունը հայտնել էր, որ Ռուսաստանը կմերժի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցում, քանի որ նա ՌԴ քաղաքացիություն ունի: Հենց այս պատճառաբանությամբ էլ, ըստ ռուսական լրատվամիջոցի, Ռուսաստանն իր տարածքում չեղարկել է Միքայել Հարությունյանի հետախուզումը:



























