Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ավելի զգույշ լինի, քանի որ նա ներկայացնում է ամբողջ ժողովրդին, այլ ոչ թե մեկ կուսակցություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին՝ որոշակի ուժերի առկայության, որոնք իրենց հեղափոխական ներկայացնելով, գաղտնի փորձում են պայմանավորվել ՀՀԿ-ի հետ, Հովհաննիսյանը նշեց.

«Ավելի լավ կլիներ Փաշինյանին հարցնել, թե ում նա նկատի ունի: Ներկայիս համաժողովրդական զարթոնքը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդն իր իրավունքների տերը լինելու կամք ունի: Սա 20 տարվա եւ մի քանի ամսվա պայքար է, որի մասնակիցն էր նաեւ «Ժառանգություն»  կուսակցությունը:

Սակայն Փաշինյանը որպես վարչապետ, թեկուզ ժամանակավոր կառավարության, պետք է ավելի զգույշ լինի, քանի որ նա ներկայացնում է ամբողջ ժողովրդին, այլ ոչ թե մեկ կուսակցություն»:

«Հասկանում եմ, որ կան զգայական պահեր, բայց եթե մենք պետք է ընդհանրացնենք հեղափոխությունը, արձանագրենք ժողովրդի զարթոնքը նոր ընտրությունների միջոցով, ապա դա պետք է անենք, ոչ թե միանձնյա ցուցակներով՝ բաժանված սեւերի եւ սպիտակների, այլ պարզապես քաղաքացուն կամքի ազատության հնարավորություն տալով», - եզրափակեց Հովհաննիսյանը: