Բանակի մասնակցությունը Մարտի 1-ի իրադարձություններին պետք է փաստարկված լինի եւ բացառապես իրավական տիրույթում։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի երեկվա հայտարարության մասին հարցին, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ բանակը ներգրավված է եղել։

«Ես ի գիտություն եմ ընդունում որպես պետական մարմնի պատասխանատուի հայտարարություն։ Ես պիտի հույս հայտնեմ, որ այդ ամենը, ինչ հայտարարվում է ընթացք ստանա իրավական տիրույթում։Իրավական տիրույթում թող ապացույցներով դառնա փաստարկված հանցագործություն։ Այս դեպքում մենք ավելի հստակ կխոսենք»,–նշեց նա։

Րաֆֆի Հովհաննիսյանը կասկած հայտնեց, որ պատճառներ կան այդ տեղեկությունը այժմ հայտնելու համար. «Երեւի պատճառ կա, որ հիմա են ասում եւ ոչ առաջ։ Բայց հիմա իրավական մարմիններն ու տիրույթը պետք է աշխատի, եթե ոչ մենք պետք է մնանք զգացմունքային հայտարարությունների հարթակում, որը պետության համար օգտակար չէ»,–շեշտեց Հովհաննիսյանը։