Կգա ժամանակ, եւ հանրությունը կտեղեկանա բանկային հաշիվների մանրամասներին, այդ թվում՝ Ալեքսանդր Սարգսյանի հաշիվների: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի դիտարկմանը, թե բանկային գաղտնիքի հրապարակումը չի կարող նպաստել ներդրումների աճին, Փաշինյանը պատասխանեց. «Բանկային գաղտնիքի հրապարակումը, եթե նկատի ունեք Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշվում 30 մլն դոլարը՝ մի բանկում, մյուս բանկերը չեմ նշում, գաղտնիքը պահում եմ, կարող եք չանհանգստանալ, այդ կապիտալը ՀՀ-ից դուրս գալ չի կարող, դրա վրա կալանք է դրված»:

Հիշեցնենք, որ նախօրեին «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի շրջանակում կազմակերպված հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Սարգսյանին կոչ էր արել մեկ շաբաթվա ընթացքում հանել այդ 30 մլն դոլարն ու պետությանը վերադարձնել: