Հայ հեղափոխական դաշնակցությանը չի հետաքրքրում, թե ինչ ժամկետներում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները. նրանց հետաքրքրում է, թե ինչ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում է այն տեղի ունենալու։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը։

Հարցին՝ սատարո՞ւմ է ՀՅԴ–ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ԱԺ—ն ցրելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասով, պատգամավորը նշեց. «Նիկոլ Փաշինյանը դեռ մեզ հետ չի հանդիպել, չի ներկայացրել իր մոտեցումները եւ մենք էլ բնականաբար հնարավորություն եւ առիթ չենք ունեցել այդ հարցը քննարկելու, սակայն երբ ՀՅԴ–ն կողմ է քվեարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությանն ու կառավարության ծրագրի հաստատմանը, որտեղ գրված է, որ մինչեւ 1 տարվա ընթացքում պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հետեւաբար, մենք  հասկանում ենք, որ արտահերթ ընտրությունները կարող էին արդեն տեղի ունեցած լինել, կարող են 1 ամիս հետո լինել, կարող են գարնանը լինել, բայց ոչ ուշ, քան 1 տարի։ Հետեւաբար, մեզ չի հետաքրքրում ժամկետը։ Մեզ հետաքրքրում է, թե ինչ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում է այն իրականանալու»,–նշեց պատգամավորը։

Նա, ելնելով երկրի զարգացման տրամաբանությունից, համոզված է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնալու համար կարեւոր է կոնսենսուսը. «Մենք կառավարության ծրագիրը հաստատելով՝ նախանշեցինք այն ճանապարհային քարտեզը, որով խորհրդարանը գնալու էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այն է՝ ձգտել եւ հասնել կոնսենսուսով Ընտրական օրենսգրքի փոփոխության, ապա մյուս կետերով կոնսենսուսով գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հիմա կարեւոր է՝ այդ կոնսենսուսը կվերահաստատվի եւ կպահպանվի, որը, երկրի զարգացման տրամաբանությունից ելնելով, շատ ավելի կարեւոր է, քան թե այդ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերին, դեկտեմբերին, թե գարնանը»։

Սպարտակ Սեյրանյանը կարծում է՝ եթե չլինի քաղաքական ուժերի համաձայնությունը, արտահերթ ընտրությունները գուցե կայանան, բայց հանգեցնեն ավելի լուրջ խնդիրների հետագայում։ Ուստի ՀՅԴ–ի համար, պատգամավորի խոսքով, կարեւոր է՝ ինչպես գնալ այդ ընտրություններին, ոչ թե երբ գնալ։

Այնուամենայնիվ, պատգամավորը վստահեցրեց՝ ՀՅԴ–ն, չնայած Երեւանի ավագանու ընտրություններին չհաղթահարեց անցողիկ շեմը, սակայն մտահոգությություններ չունի, որ արտահերթ ընտրություններին նույնպես կարող է չհաջողել։ «Մենք առ այսօր ավագանու խմբակցություն չենք ունեցել, սակայն դա չի խանգարել, որ մենք ԱԺ–ում խմբակցություն ունենանք»,–շեշտեց պատգամավորը։

Նա, սակայն, հավաստիացրեց՝ ՀՅԴ–ի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները գործակցային, աշխատանքային են, սակայն չբացառեց, որ կան շրջանակներ, որոնց կցանկանային, որ այդ հարաբերությունները գործակցային, աշխատանքային չլինեին։ «Եթե որեւէ խնդիր լիներ, մեր կամ վարչապետի նախաձեռնությամբ մեր նախարարները չէին շարունակի աշխատել»,– եզրափակեց Սեյրանյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս: ՀՅԴ–ն ստացել էր ձայների 1.62 տոկոսը։

Նշենք, որ այս տվյալների համաձայն, Երեւանի ավագանու 65 տեղերից 57-ը բաժին կհասնի «Իմ քայլը» դաշինքին, 5 տեղ կստանա ԲՀԿ-ն եւ 3 տեղ՝ «Լույս» դաշինքը: Մյուս ուժերը ավագանիում ներկայացված չեն լինի: