ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «Էջմիածին-Երեւան-Էջմիածին» միջմարզային N203 միկրոավտոբուսային երթուղու մասով ուսումնասիրություն է կատարել, ուղարկել է տեսչական մարմնին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը՝ անդրադառնալով N5 երթուղու վարորդների բողոքին։

Նախարարը նշեց, որ իրենց ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ «իրականում այդ մեքենաները գալիս, հասնում են մինչեւ մետրոյի «Երիտասարդական» կայարանի տարածք»։

Սակայն, նա նկատեց՝ այլ լիազորություններ չունեն, քանի որ կազմավորվել է մեկ միասնական տեսչական մարմին. «Երթուղային գծերի նկատմամբ, իրենց աշխատանքի նկատմամբ հսկողությունն իրականցնում է տեսչական մարմինը, որը նախկինում մեր նախարարության կազմում էր, սակայն հիմա  կազմավորվել է մեկ միասնական տեսչական մարմին, որի կազմավորումը դեռ չի ավարտվել։ Մենք այդպիսի գործառույթ իրականացնել, որ գնանք, վարչական ակտ կազմենք, արձանագրենք խախտումը, լիազորությունը չունենք»

Նախարարի խոսքով՝ ընդհանուր կառավարության դիրքորորշումն էր, որ երթուղին միգուցե ուսանող է տեղափոխում, որ ուսանողը չգա «Կիլիկիա» ու մեկ այլ տրանսպորտով գնա. «Հիմա պիտի հասկանանք, մեր տեղեկություններով ոչ բոլոր դեպքերն են որ ուսանողներ են, քանի որ այդ հանգամանքը շահարկվում է»։

Նշենք, որ N5 երթուղու վարորդները դժգոհում են, որ «Էջմիածին-Երեւան-Էջմիածին» միջմարզային N203 միկրոավտոբուսային երթուղու գիծը սպասարկող տրանսպորտային միջոցները ուղեգիծը Երեւանի ավտոկայարանում ավարտելու փոխարեն հասնում են մինչեւ մետրոյի «Երիտասարդական» կայարան, Աբովյան պուրակ, ինչի պատճառով խաթարվում է մասնավորապես N5 ավտոբուսային երթուղու բնականոն աշխատանքը: Ներքաղաքային այս երթուղում նկատվում է ուղեւորահոսքի նվազում: