Գյուղացիները խանդում են միմյանց։ Արածագոտնի մարզի մի քանի գյուղերի բնակիչների բողոքին այսօր՝ սեպտեմբերի 27–ին, այդպես արձագանքեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։

«Հյուսիս–հարավ ճանապարհն անցումներ ունի դեպի գյուղեր, բայց մենք չենք կարող ամեն կես կամ 1 կմ–ին նման անցում ունենանք, որովհեըեւ նման ամեն մի անցումն արժե 2 մլն դոլարի չափ։ Հյուսիս–հարավի դեպքում նախատեսվում է ամեն 5 կմ–ին անցում կառուցել։ Ինչ վերաբերում է Արագածոտն գյուղին, մոտ 15-20 օր է՝ այդ հարցը կա։ Մենք նախատեսում ենք, որ այդ գումարը, որ ծախսվելու է անցում կառուցելու համար, Գոշում եւ Ուջանում կան այդպիսի անցումներ, ավելի լավ է միջհամայնքային ճանապարհը կառուցել։ Քննարկում ենք նաեւ երթուղին փոխելու հարցը։ Մի քիչ էլ մեր գյուղացիները խանդում են, ասում են՝ էս կողքի գյուղը որ ունի, մենք էլ ունենանք, եթե այդպես նայենք, մոտ 40-50 անցում պետք է կառուցենք»,– ասաց Աշոտ Հակոբյանը։

Նշենք, որ Արագածոտնի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ երեկ՝ սեպտեմբերի 26–ին, փակել են Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Արագածոտն գյուղի հատվածը։ Նրանք բողոքում են, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման նախագծում իրենց գյուղերի հատվածում մեքենաների անցումներ չեն նախատեսված: