Նախագիծը, որը ներկայացված է, շատ համահունչ է տարբեր երկրների ԱԺ կանոնակարգ-օրենքներում ամրագրված համանման կարգավորումներին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ բարձրացած աղմուկին։
Նրա խոսքով, ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքում հիմա էլ կա դրույթ, որով սահմանվում է, որ ԱԺ նիստը խոչընդոտելու դեպքում նիստն ընդհատվում է կես ժամով, ապա նիստը վարողի ջանքերով վերսկսվում է աշխատանքը:
«Նոր բան չենք առաջարկում, պարզապես դրույթը տարածում ենք այն իրավիճակների վրա, երբ ԱԺ նիստի քվորում չի ապահովվում, կամ նիստի ընթացքը խոչընդոտվում է այնպիսի պատճառներով, որոնք արտաքին ազդեցությամբ են պայմանավորված:
Դրանք արտակարգ իրավիճակներն են կամ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտող հանգամանքները: Խոսքը չի վերաբերում միայն վարչապետի ընտրությանը, վերաբերում է առհասարակ ԱԺ նիստերի խոչընդոտմանը: Սա նշանակում է, որ եթե կա խոչընդոտ նիստը սկսելու կամ նիստի ընթացքը շարունակելու, նիստը պետք է ընդհատվի: Այլ տարբերակ կամ տրամաբանություն դուք տեսնո՞ւմ եք»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ չի կարող բացառել այն մեկնաբանությունները, որոնք հնչեցին խորհրդարանում: Խոսքն, ամենայն հավանականությամբ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի հայտարարության մասին է, ով նշեց, որ այս փոփոխությունն արվում է այն պատճառով, որ վարչապետի հրաժարականից հետո, երբ ժողովուրդը փորձի թույլ չտալ նոր վարչապետի ընտրություն, ԱԺ նիստը ընդհատվի:
«Ես չեմ բացառում այդ մեկնաբանությունների գոյությունը, բայց ես հիմնավորում եմ այն նպատակը, որը եղել է»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Հարցին, թե այստեղ քաղաքական ենթատեքստ կա՞, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Քաղաքական ենթատեքստ կարելի է դիտարկել, ես չեմ բացառում նաեւ այդպիսի մեկնաբանության առկայությունը, բայց ես համարում եմ, որ որեւէ մեկը չի կարող բացառել այն հանգամանքը, որ նման իրավիճակներ կարող են լինել: Ընդհանրապես, ես ուզում եմ, որ ԱԺ ցանկացած որոշում լինի լեգիտիմ, իսկ եթե որեւէ որոշում չի կայացվելու, ապա դրա պատճառները լինեն այնքան հիմնավոր, որ լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի»:
Ճշտող հարցին, թե արդյոք սա չի վերաբերելու փոողոցային պայքարը ինչ-որ ձեւով չեզոքցնելուն ուղղված քայլ, Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես որեւէ հակաքայլ այստեղ չեմ դիտարկում, սա համարում եմ ընդամենը բնականոն գործունեության ապահովման հիմք, որ կարող է լինել իրավիճակ, երբ մենք հայտնվենք իրականում սահմանադրական ճգնաժամի առջեւ»:
Լրագրողները հարց ուղղեցին արդեն կոնկրետ օրինակով. Ենթադրենք վարչապետը հրաժարական է տալիս, իսկ Սահմանադրությունը սահմանում է, որ եթե երկու շաբաթում երկու անգամ չի հաջողվում վարչապետ ընտրել, ապա ԱԺ-ն լուծարվում է. Եթե այդ երկու շաբաթը անցնում է, ու չի հաջողվում ԱԺ նիստ հրավիրել, այդ դեպքում խորհրդարանը չպե՞տք է լուծարվի: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախ էնտեղ կա ձեւակերպում՝ այսքան օր հետո, իսկ այդ «հետոն» նշանակում է, որ պատշաճ ձեւով պետք է ապահովված լինի, որ ԱԺ նիստը կայանա: Եթե նիստը չի կայանում արտակարգ հանգամանքներում, ապա այդ ժամկետը խախտված չի համարվում»:
Իսկ հնարավո՞ր է, որ այդ խոչընդոտումը տեւի մինչեւ 2022 թվականը, հարցին էլ արձագանքեց, որ պետք չի խնդիրը տեղափոխել աբսուրդի ժանր. «Կարող է նիստը ընդհատվել այնքա, քանի դեռ խոչընդոտները չեն վերացել: Ենթադրենք աղետ է եղել, ջրհեղեղ կամ հրդեհ: Հիմա եթե այդ հրդեհների հետ կապված խոչընդոտների վերացման համար անհրաժեշտ է 4 ամիս, ապա այդ 4 ամիսը կտրվի»:
Հարցին՝ արդյոք օրենքի բացը պատգամավորը նկատե՞ց հեղափոխության օրերին, երբ խոչընդոտվում էր իր ազատ տեղաշարժը, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ոչ թե միտքը ծագեց, կամ օրենքի բացը նկատվեց, այլ հստակություն մտցնելու անհրաժեշտություն առաջացավ։ Սա իմ նախաձեռնությունը չէ, սա ԱԺ երեք խմբակցությունների ներկայացուցիչների շրջանառության մեջ դրած նախագծի իդենտիկ կարգավորումն է»։











