Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Վարչապետի խոսնակ Արման Եղոյանը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ  ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին խորհրդարանն իր արտահերթ նիստում ընդունել էր «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Փաշինյանը հայտարարել էր, թե օրենքի նախագծի ընդունումը նշանակում է «հակահեղափոխության պաշտոնական սկիզբ» եւ կոչ էր արել քաղաքացիներին հավաքվել խորհրդարանի մոտ։ Նույն օրը նա հրամաններ էր ստորագրել այդ նախագծին կողմ քվեարկած «Բարգավաճ Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունների նախարարներին պաշտոնից ազատելու մասին։

Ելույթ ունենալով ինքնաբուխ հանրահավաքում՝ Փաշինյանը հայտարարել էր մինչեւ այս տարվա վերջը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքերով՝ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերին։