Վերջին օրերին մի քանի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կարծես թե տանում են դեպի հանգուցալուծում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9–ին, նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մասնավորապես, երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր ստորագրեցինք՝ դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, և ևս 16 պատգամավոր գրավոր հայտարարությամբ պաշտպանել են այդ նախաձեռնությունը: Կարծում եմ, որ, ըստ էության, պրոցեսը գնում է լարվածությունը թոթափելու ճանապարհով, ինչը դրական է»,– նշել է նա:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին ասել է. «Ես նույնպես շատ ուրախ եմ, որ սկզբունքորեն, ինչպես նախկինում նշել էի, պրոցեսը տեղի ունենա երկխոսության և հանդուրժողականության մթնոլորտում: Ուրախ եմ լսել, որ վերջին 1-2 օրվա ընթացքում բանակցությունների, երկխոսության ճանապարհով որոշակի արդյունքներ են ձեռք բերվել, և որ հավանաբար հանգուցալուծումը հեռու չէ: Շատ կարևոր է, որ այդ հանգուցալուծումը տեղի ունենա»: