«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր բարձր վարկանիշ ու վստահություն ունի, ինչը հիմք է տալիս ողջամտորեն հուսալու, որ պատկառելի ներկայացվածություն կունենանք խորհրդարանում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
Հարցին՝ արդյոք կուսակցությունում պառակտվածություն կա, պատգամավորն արձագանքեց. «Ցանկացած անձ ազատ է կուսակցությունների մեջ մտնելու, կուսակցություններից դուրս գալու հարցում։ ԲՀԿ–ն այնքան ամուր քաղաքական միավոր է, որ այնտեղից անհատ անձանց կամ առանձին մարզպետների դուրս գալը երբեք չի կարելի որակել կուսակցության պառակտում։ Մենք հարգում ենք բոլոր գործիչների նպատակները, ցանկությունները, բայց ԲՀԿ–ն այնքան ամուր կառույց է, որ չի կարող փլուզվել մեկ–երկու պատգամավորի անհատական որոշումներից, դրանից չի կարող տուժել կուսակցության անսասանությունը»։











